Արտոնյալները․ վերջին 10 տարիներին կառավարությունները ո՞ր ընկերություններին են տվել հարկային արտոնություններ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

ՀՀ օրենսդրությունը պահանջում է, որ ապրանք ներկրելիս ներմուծողները ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ) վճարեն: Սկզբունքորեն դեմ լինելով սահմանի վրա ԱԱՀ գանձելու մեխանիզմին՝ առաջարկում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ 2009թ․ ի վեր ՀՀ կառավարությունը որոշ ներմուծողների համար ԱԱՀ վճարումը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշումներ է կայացնում: ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգումն արտոնություն է,  որ տրվում է մի քանի հարկատուի այն դեպքում, երբ մնացածը ստիպված են գործունեություն ծավալել անբարենպաստ օրենսդրական դաշտի պայմաններում:

Տ. Սարգսյանի կառավարությունը 56 ամիսների ընթացքում 138,3 մլրդ դրամ ծավալով ապրանքների ներմուծման գծով ԱԱՀ վճարումը հետաձգելու արտոնություն տալու վերաբերյալ 41 որոշում է կայացրել, այդ թվում «Սպայկա» ՍՊԸ-ին 2 անգամ թույլ է տվել մինչև 3 տարով հետաձգել 39,3 մլրդ և 3,8 մլրդ դրամ արժեքով ապրանքների ներմուծման գծով ԱԱՀ-ի վճարումը: «Յուքոմ» ՍՊԸ-ն ստացել է 3,97 մլրդ դրամի արտոնություն: Տ. Սարգսյանի կառավարության կողմից «Նաթֆուդ» ՍՊԸ-ին արտոնություն տալու վերաբերյալ առաջին որոշման հավելվածը չի հրապարակվել և արտոնության մեծությունը հայտնի չէ:

28 ամիսների ընթացքում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հարկային արտոնություն տալու մասին 27 որոշում է կայացրել, որոնց շրջանակներում հետաձգել է 79,4 մլրդ դրամ արժեքով ապրանքների ներմուծման գծով ԱԱՀ-ն, այդ թվում «Գրին հաուզ» ՍՊԸ՝ 8,1 մլրդ դրամ, «Յուքոմ» ՍՊԸ՝ 17.5 մլրդ դրամ, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ՝ 9.7 մլրդ դրամ:

20 ամիսների ընթացքում Կարեն Կարապետյանի կառավարությունը արտոնություն տալու մասին 35 որոշում է կայացրել, որոնց շրջանակներում ներմուծվել է 68,5 մլրդ դրամ արժողությամբ ապրանք, այդ թվում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն՝ 27.7 մլրդ դրամ, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն՝ 10.7 մլրդ դրամ, «Էյ Բի ՍԻ Տեքստիլ» ՍՊԸ-ն՝ 8.15 մլրդ դրամ, իսկ «Անիթեքս» ՍՊԸ-ն՝ 8.65 մլրդ դրամ արժեքով ապրանքների ներմուծման համար:

Ներկայացված թիվը չի ներառում 2016թ. սեպտեմբերին «Շանթ» ՍՊԸ-ին տրված արտոնության գումարի մեծությունը, որում չնայած հղում է կատարում հավելվածին, սակայն www.arlis.am համակարգում առկա որոշման մեջ հստակ նշվում է, որ «Հավելվածը չի բերվում»:

Արագածոտնի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. նոյեմբերի 2-ի վճռով «Շանթ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 2019թ. փետրվարի 11-ին: Ամենայն հավանականությամբ պետությունը զրկվել է 3 տարի ժամկետով հետաձգված ԱԱՀ գումարը ստանալու հնարավորությունից: «Շանթ» ՍՊԸ-ն արտոնություն ստացած և հետագայում սնանկ ճանաչված միակ ընկերությունը չէ:

Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ. հունիսի 5-ի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև «Պրոգրես Ագրո» ՍՊԸ-ն, որը 5,9 մլրդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման գծով արտոնություն է ստացել 2014թ., իսկ 2018թ.-ի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ «ԱՎԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որը 2014թ.-ին արտոնություն էր ստացել 1.25 մլրդ դրամ ապրանքների ներմուծման գծով: Մինչ այդ, Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. նոյեմբերի 24-ին սնանկ էր ճանաչել «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ ընկերությանը, որը 2014թ. 1.9 մլրդ դրամ գումարի արտոնություն էր ստացել: 2017-ից լուծարման գործընթացում է գտնվում «Ա և Գ» ՍՊԸ-ն, որը 1.3 մլրդ դրամ գումարի արտոնություն էր ստացել 2014թ.:

Ն. Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդների պրակտիկան և անցած 8 ամիսների ընթացքում 24 մլրդ դրամ ծավալով ապրանքների ներմուծման համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու 15 որոշում է կայացրել: Փոքրացել է արտոնության միջին չափը: Եթե 2011-ից ի վեր գործած նախորդ 3 կառավարությունների կողմից տրված արտոնությունների միջին չափը կազմել է համապատասխանաբար 3.37, 2.94 և 1.96 մլրդ դրամ, ապա Ն. Փաշինյանի կառավարության կողմից տրված արտոնության միջին մեծությունը 1.6 մլրդ դրամ է կազմել, և այն էլ մեծացել է ի հաշիվ 2018թ. դեկտեմբերին «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ին  և «Եղվարդ համալիր» ՍՊԸ-ին տրված համապատասխանաբար 4.26 մլրդ և 8.67 մլրդ դրամ խոշոր արտոնությունների:

Արտոնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունն ըստ կառավարությունների և գործունեության (Տ. Սարգսյանի կառավարության դեպքում հաշվի է առնվել այն պահից, երբ սկսել է տալ արտոնություններ, այսինքն՝ 2009թ. օգոստոսից) ներկայացված են ստորև.

Եթե մեկ որոշմամբ տրված արտոնության միջին մեծությունն աստիճանաբար նվազել է, ապա արտոնությունների միջին ամսական մեծությունն աճել է: Արտոնությունների միջին ամսական մեծության առումով առատաձեռն էր Կ. Կարապետյանի կառավարությունը: Ն. Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր ամիս արտոնություն նախատեսող գրեթե 2 որոշում է ընդունել:

Հարկային արտոնությունները`

  • աղավաղում են տնտեսության մրցակցային միջավայրը,
  • նվազեցնում են տվյալ տարվա հարկային եկամուտները և հասկանալի չէ, թե արդյոք այդ ընկերությունները տարիներ անց վճարու՞մ են հետաձգված գումարը, թե՞ ոչ,
  • ՀՀ կառավարությանը ստիպում են չստացած եկամուտների փոխարեն միջոցներ ներգրավել պարտք թողարկելով, որի սպասարկման գծով ծախսերն իրենց հերթին հետագա տարիներին լրացուցիչ ծախս են դառնում պետական բյուջեի համար:

 Բոլոր այն ընկերությունները, որոնց կառավարությունը թույլ չի տալիս 3 տարի ժամկետով հետաձգել ԱԱՀ գումարների վճարման ժամկետը, այդպիսի թույլտվություն ստացած տնտեսվարողների համեմատ անբարենպաստ վիճակում են հայտնվում: Հարկերը բարեխղճորեն վճարելուց հետո, արտոնություն չստացած տնտեսվարողները հաճախ ստիպված են լինում շրջանառու միջոցները համալրելու համար վարկեր վերցնել, որոնց դիմաց տոկոսների վճարումը լրացուցիչ ծախս է դառնում նրանց համար, այն դեպքում, երբ ՀՀ կառավարության բարեհաճ վերաբերմունքին արժանացածները շրջանառու միջոցների համալրման հետ կապված ավելի քիչ խնդիրներ են ունենում, այդ նպատակով վարկեր կարող են և չներգրավել և այդ վարկերի սպասարկման գծով ավելի քիչ ծախսեր կատարել: Արտոնություն տալով կառավարությունն ազդում է արդյունքի ստեղծման ամբողջ շղթայի վրա:

Եթե ԱԱՀ-ն խոչընդոտ է հանդիսանում ներդրումների համար, ինչու չդիտարկել այդ հարկատեսակից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը, ինչն առաջարկել էի Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հանրային քննարկումների ժամանակ (տես https://www.e-draft.am/projects/1358/digest), որը ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել էր, քանի որ այն համակարգային փոփոխություն է ենթադրում: Կարծում եմ մենք համակարգային փոփոխությունների ժամանակաշրջան ենք մտել և իմաստ ունի ավելի շատ այլընտրանքներ դիտարկել: Տնտեսվարողների արտոնյալ խմբից հարկերի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ խնդրանքը ստանալու, ուսումնասիրելու, քննարկելու, որոշումների նախագծեր պատրաստելու և հետագայում դրա կատարումը վերահսկելու վրա ծախսվող ժամանակը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել:

Արտոնություններ նախատեսող 118 որոշումները վերաբերել են 99 ընկերությունների, որոնցից «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն 4 անգամ զգացել է ՀՀ կառավարության բարեհաճ վերաբերմունքը, այդ ընթացքում ստանալով 5,66 մլրդ դրամ արժեքով ապրանքների գծով ԱԱՀ վճարումը հետաձգելու թույլտվություն։ «Էկոտոմատո» ՓԲԸ-ն և «Սպայկա» ՍՊԸ-ն  3-ական անգամ՝ 12,5 մլրդ և 50,75 մլրդ դրամի չափով, «Յուքոմ», «Ասկե գրուպ», «Արմենիա վայն», «Արմյանսկի ուրաժայ», «Անդ», «Արարատի գինու գործարան», «Գրին ֆարմեր»  և «Սաթենկար» ՍՊԸ-ները, «Միջազգային էներգետիկ կորպորացիան», «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», «Գլաս ուորլդ քամփնի», «Սևանի իշխան»,  «Սևանի ակվա»    ՓԲԸ-ները և  «Ասկե գրուպ» ԲԲԸ-ն՝  2-ական անգամ:

«Սպայկա» ՍՊԸ-ն ԱԱՀ գումարի վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու 2 թույլտվություն է ստացել Տ. Սարգսյանի կառավարությունից, որի շրջանակներում 3,8 մլրդ և 39,3 մլրդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծում է նախատեսվել։ 2016թ. Հ. Աբրահամյանի կառավարությունից՝ 7,6 մլրդ դրամի ապրանքների ներմուծում, որով արդեն հարկի վճարումը հետաձգվել է 3 տարով, նախկին մինչև 3 տարվա փոխարեն: Այս ներմուծումների արդյունքում վճարվելիք ԱԱՀ-ն պետք է կազմեր համապատասխանաբար 764 մլն, 7,86 մլրդ և 1,5 մլրդ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի կողմից ամեն տարի հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարած հարկերի և տուրքերի մեծությունների վերաբերյալ 2011-2017թթ. ցանկերի համաձայն այդ տարիների ընթացքում «Սպայկան» 5,2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր է վճարել, այդ թվում անուղղակի հարկերի գծով, որը ներառում է ԱԱՀ-ն և ակցիզային հարկը՝ 2,4 մլրդ դրամ (մինչև 2017թ., առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տարեկան ցանկում ՊԵԿ-ը ԱԱՀ-ի վճարման վերաբերյալ առանձին տեղեկատվություն չի ներկայացրել), այդ թվում 2011թ.՝ 71 մլն, 2012՝ 50,44 մլն, 2013թ.՝ 138,8 մլն, 2014թ.՝ 367,4 մլն, 2015թ.՝ 455,3 մլն, 2016թ՝ 288,6 մլն և 2017-ին՝ 1042 մլն:

2016թ. մարտի 3-ի №251-Ա որոշմամբ 17,5 մլրդ դրամ արժեքով ապրանքների ներմուծման գծով ԱԱՀ-ի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու թույլտվություն է ստացել «Յուքոմը»: Այսինքն, 2019թ. մարտին ենթակա է վճարման մոտավորապես 3,5 մլրդ դրամ: 2016-2017թթ. ընթացքում «Յուքոմը» 4,5 մլրդ դրամ հարկեր է վճարել, 2016թ., այդ թվում 652,9 մլն դրամ անուղղակի հարկերի գծով, 2017-ին՝ 5,99 մլրդ դրամ, այդ թվում անուղղակի հարկերի գծով՝ 1.66 մլրդ դրամ: 2018թ. 9 ամիսների կտրվածքով  վճարել 4,36 մլրդ դրամ, որից 2,6 մլրդ դրամ ԱԱՀ:

Ու՞ր են արտոնություն ստացած ընկերությունների կողմից հետաձգված գումարների գծով վճարումները: ՀՀ կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչպես են մեծ արժեքով ապրանքների ներմուծման համար վճարվելիք ԱԱՀ-ի գծով 3 տարվա արտոնություն ստացած ընկերությունները հետագայում կատարել իրենց հետաձգված պարտավորությունները:

Բյուջետային ուղերձների արդյունաբերության բաժնում կառավարությունը պարբերաբար նշել է, որ ներդրումների խրախուսման նպատակով ներմուծվող սարքավորումների և արտադրական հոսքագծերի համար վճարման ենթակա ԱԱՀ-ն հետաձգվում է: Թեև կարող է տպավորություն ստեղծվել, որ արտոնություն տրվում է տեխնոլոգիական ոլորտներում ներդրումները խթանելու համար, ընկերությունների կողմից ԱԱՀ վճարումը հետաձգվել է նաև վարդերի սածիլներ, պլաստմասսաե ճաշի և խոհանոցային սպասք, արդուզարդ, ձկան կեր, լոլիկի և վարունգի սերմեր ներմուծելու համար: Եթե վարդերի սածիլները, պլաստմասսաե ճաշի սպասքը, ձկան կերը և լոլիկի սերմն այդքան կարևոր են ՀՀ-ում ներդրումները խթանելու համար, ինչու է կառավարությունը դրանք ներմուծելու հետ կապված արտոնություն տալիս միայն մի քանի, այլ ոչ թե այդ ապրանքատեսակները ներմուծող բոլոր ընկերություններին:

Նման մոտեցումը հաշվի չի առնում այն կարևոր հանգամանքը, որ եթե ՀՀ կառավարությունը այդ մի քանի տնտեսվարողներին չտար այդ արտոնությունը, ապա կարող էր վճարվելիք ԱԱՀ-ի գումարի մեծության չափով ավելի քիչ պարտք ներգրավել: Եթե ենթադրենք, որ 3 տարի մարման ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի սպասարկման համար կառավարությունը վճարում է տարեկան մոտավորապես 8%, ապա ստացվում է, որ ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և դրա փոխարեն 3 տարի մարման ժամկետայնությամբ պետական պարտատոմսեր թողարկելու արդյունքում 2018թ. պետական բյուջեն պետական պարտքի սպասարկման համար ստիպված է եղել լրացուցիչ 1,7 մլրդ դրամ ծախսել (որը կարող էր չանել, եթե չհետաձգեր հարկերի վճարումը)։ Այդ թվում 182 մլն դրամ, որը հավասար է 2015թ. ներմուծված 11.4 մլրդ դրամ արժեքով ապրանքների համար հավաքագրվելիք 2.3 մլրդ դրամ ԱԱՀ-ի 8%-ին, գումարած 712 մլն դրամ, որը հավասար է 2016թ. ներմուծված 44,5 մլրդ դրամ արժեքով ապրանքների համար հավաքագրվելիք 8,9 մլրդ դրամ ԱԱՀ-ի 8%-ին, և գումարած 812 մլն դրամ, որը հավասար է 2017թ. ներմուծված 50,7 մլրդ դրամ արժեքով ապրանքների համար հավաքագրվելիք 10,2 մլրդ դրամ ԱԱՀ 8%-ին:

Ընդհանուր առմամբ, 2009-2018թթ. ընթացքում պետական պարտքի գծով սպասարկումների մեծությունը 10,56 մլրդ դրամի չափով պակաս կլիներ, եթե կառավարությունը չտար 310.3 մլրդ դրամ գումարով ապրանքների ներմուծման հետ կապված 62.1 մլրդ դրամի չափով ԱԱՀ վճարումները հետաձգելու արտոնություն, այլ հավաքեր այդ հարկերը և 62,1 մլրդ դրամի չափով պակաս պարտք վերցներ: Այս մեծությունը հաշվի չի առնում 2009թ. «Նաթֆուդ» ՍՊԸ-ին և 2016թ. «Շանթ» ՍՊԸ-ին տրված արտոնությունները, քանի որ դրանց հավելվածները, որոնք տեղեկատվություն են պարունակում արտոնության մեծության մասին, չեն հրապարակվել: Իհարկե, սա տեսական հաշվարկ է և իրական կյանքում բազմաթիվ այլ գործոններ կան: Արդյո՞ք արտոնություններ տալու մասին որոշումներ կայացնելիս ՀՀ կառավարությունը հաշվի է առնում այս և նման այլ գործոնները:

Նախորդ տարիներին հանրության մի մասի մոտ կարծիք գոյություն ուներ, որ արտոնություններ տրվում են կամ իշխանության մեջ գտնվող անձանց հետ փոխկապակցված ընկերություններին, կամ նրանց, ովքեր կարողանում էին շնորհակալություն հայտնել այդ արտոնության համար: Ու՞մ են արտոնյալները շնորհակալություն հայտնում հիմա: Հարկերի վճարման ժամկետը հետաձգելու, ինչպես նաև պետական բյուջեում փոփոխություններ նախատեսող որոշումների առանձնահատկությունն այն է, որ գործընթացը թափանցիկ չէ, և նախագծերը հանրային քննարկման չեն նարկայացվում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքի միջոցով: Այդ նախագծերի մասին հանրությունը իմանում է միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ներառվել են ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

Անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը որևէ հաշվետվություն չի ներկայացրել տնտեսության վրա իր կողմից տված հարկային արտոնությունների ազդեցության վերաբերյալ: Ի՞նչ չափով են դրանք նպաստել տնտեսական աճին: Ինչքա՞ն է արդյունավետ հարկեր սահմանելու և հետագայում տնտեսվարողների մի փոքր խմբի հարկերի վճարումը հետաձգելու թույլտվություն տալու ՀՀ կառավարության քաղաքականությունը: Արդյոք այդ ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվո՞ւմ է այնպիսի հավելյալ արժեք, որը թույլ է տալիս առանց մնացած հարկատուներին ծանրաբեռնելու սպասարկել այդ հետաձգված հարկերի պատճառով կուտակված պարտքը:

ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ն և հաջորդ կառավարությունը վայելում են հանրության բացարձակ մեծամասնության բացարձակ վստահությունը, որը պետք է ամրապնդվի իրական գործողություններով, համակարգային փոփոխություններով և նախկինից եկող արատավոր երևույթների վերացմամբ: Որպեսզի երկարաժամկետ հեռանկարում ՀՀ կառավարությունը շարունակի վայելել հանրության վստահությունը, այն մի շարք ոլորտում արմատական փոփոխություններ կատարելու կարիք ունի: Հարկային քաղաքականության բնագավառում տրվող արտոնությունների դեպքում այն առնվազն պետք է.

– Հանրությանը հաշվետվություն ներկայացնի այն մասին, թե արդյոք 2009թ.-ից ի վեր ԱԱՀ վճարումը 3 տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն ստացած ընկերությունները հետագայում ժամանակին և ամբողջ ծավալով կատարել են իրենց պարտավորությունները:

– Հանրությանը ներկայացնի ՀՀ տարբեր կառավարությունների կողմից նախկինում տրված հարկային արտոնությունների տնտեսական արդյունքի վերաբերյալ վերլուծություն:

– Հանրությանը տեղեկատվություն ներկայացնի այն մասին, թե ինչպես է ընտրում այն ընկերությունները, որոնց թույլ է տալիս 3 տարի ժամկետով հետաձգել ԱԱՀ վճարումը և հրապարակի այն ընկերությունների ցանկը, որոնց այդպիսի խնդրանքը մերժել է:

– Հարկային արտոնությունների վերաբերյալ որոշումների նախագծերը www.e-draft.am կայքի միջոցով ներկայացնի հանրային կարծիքի:

– Դիտարկի սահմանին ԱԱՀ-ի գանձման պրակտիկայից հրաժարվելու հնարավորությունը:

– Եթե ԱԱՀ-ն խոչընդոտ է, և ներդրումներ կատարելու համար ընկերություններին պետք է հնարավորություն տալ հետաձգել դրա վճարումը, դիտարկի հարկային քաղաքականության արմատական փոփոխության և գործարար միջավայր իր հաճախակի միջամտությունների նվազեցման հնարավորությունը:

Արտակ Քյուրումյան

Հ․Գ․

Ստորև ներկայացնում ենք հարկային արտոնություններ ստացած ընկերությունների ցանկը.