Արտոնությունների հետ կապված համակարգային փոփոխությունները դեռ առջևում են

Լուրեր

28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
28.03.2024 | 20:15
Լավրովը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
28.03.2024 | 20:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կասեն Փաշինյանին՝ վե՛րջ տուր խաղերիդ, ասա՝ ո՞ւմ հետ ես, ՌԴ-Արևմուտք պատերազմ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:44
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
Բոլորը

Օրենսդրությունը պահանջում է, որպեսզի Հայաստանի Հանրապետություն ապրանք ներկրելիս ներմուծողները ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ) վճարեն: Սկզբունքորեն դեմ լինելով սահմանի վրա ԱԱՀ գանձելու մեխանիզմին, առաջարկում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ 2009 թ.-ից ի վեր ՀՀ կառավարությունը ԱԱՀ գումարների վճարումը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշումներ է կայացնում:  ԱԱՀ գումարների վճարման ժամկետի հետաձգումն արտոնություն է,  որ տրվում է մի քանի հարկատուի, այն դեպքում, երբ մնացածը ստիպված են գործունեություն ծավալել անբարենպաստ օրենսդրական դաշտի պայմաններում: 2019թ. հունվարի 10-ին արդեն անդրադարձել եմ վերջին 10 տարիներին ներմուծման դեպքում կառավարությունից ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգելու արտոնության  հարցին:

Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի համաձայն՝ 2019թ. ՀՀ կառավարությունը ևս 12 որոշում է ընդունել, «Ռ. Զաքարյան», «Ռիբեկ», «Էյ ընդ Էմ Ռեյր», «Արմտեքս գրուպ», «Մանուկյան կոնյակի գործարան», «Պարկ գրուպ», «Մոեֆֆ գրուպ», «ՍԻԼ-ՄԱԱԶԱ», «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն և «Պրոեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ներին, «Էֆարվի մասրիկ» և «Արմփաուեր» ՓԲԸ-ներին թույլ տալով ԱԱՀ-ն վճարել 3 տարի հետո:

Այնպիսի տպավորություն է, որ եթե ՀՀ կառավարությունը չհամաձայնվեր երեք տարի ժամկետով հետաձգել կարի թելի, կոճակների, ճարմանդների, մետաղական կողպեքի մասերի, ռետինե անկյունային խտարարի, տրիկոտաժե գործվածքների, շշալցման հոսքային գիծը կապույտ մեղմ լույսով լուսավորելու համար նախատեսված մալուխատարի, լամինացված կառուցվածքների, կարուսելների, ատրակցիոնների, չժանգոտվող պողպատից լողախցիկի տակդիրի և նստակոնքի, ընդամենը 16411 դրամ արժեքով գազատուրբինի և 28126 դրամ արժեքով բազային մոդուլի ներկառուցվող դետալների, 0,33 և 0,5 լիտր անգույն և գունավոր ապակուց պատրաստված շշերի, կցորդների, կիսակցորդների, տրանսպորտային միջոցների և դրանց մասերի ներմուծման համար սահմանի վրա վճարվելիք ԱԱՀ-ն, ՀՀ տնտեսությունում ներդրումները կդադարեին:

Չորս վարչապետերի գործունեության ընթացքում ԱԱՀ վճարումը հետաձգելու վերաբերյալ որոշումների ամփոփ տվյալները ներկայացված են աղյուսակում:

Եթե մեկ որոշմամբ տրված արտոնության միջին մեծությունն աստիճանաբար նվազել է, ապա արտոնությունների միջին ամսական մեծությունը մինչև Ն. Փաշինյանի վարչապետությունն աճել է: Արտոնությունների միջին ամսական մեծության առումով առատաձեռն էր Կ. Կարապետյանի կառավարությունը: Եթե 2018թ. Ն. Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր ամիս արտոնություն նախատեսող գրեթե 2 որոշում էր ընդունում, ապա 2019թ. ընդունել է միջին հաշվով ամսական մեկ որոշում:

Այն, որ ՀՀ կառավարությունը հետաձգում է նաև 6.4 մլն դրամ արժեքով ապրանքների ներդրումը, լավ ազդակ չէ: Տարիներ առաջ, երբ ՀՀ կառավարությունն սկսեց ներդնել ԱԱՀ հետաձգման միջոցով ներդրումները խրախուսելու պրակտիկան, բարեհաճ վերաբերմունքի էին արժանանում միայն այն ներդրումային ծրագրերը, որոնց իրականացման համար 300 մլն դրամից մեծ ներմուծում էր անհրաժեշտ: Հ. Աբրահամյանի վարչապետության շրջանում հաստատած ամենափոքր ներմուծման մեծությունը կազմել է 216 մլն դրամ: Կ. Կարապետյանի կառավարությունը դրական վերաբերմունք էր դրսևորում նույնիսկ այն ներդրումային ծրագրերի նկատմամբ, որոնց համար պահանջվում էր 11.76 մլն դրամի ներմուծում: Կարծում եմ բազմաթիվ ընկերություններ կլինեն, որոնք իրենց ներդրումային ծրագրերի համար 6.4 մլն դրամ կամ դրանից ավելի ապրանքներ ներմուծելու անհրաժեշտություն կունենան և կամ տեղյակ չեն այս հնարավորությունից, կամ չունեն իրենց ծրագիրը կառավարության դատին ներկայացնելու հնարավորություն:

2019թ. հունվարին նշել էի, որ հարկային արտոնությունները

(1) աղավաղում են տնտեսության մրցակցային միջավայրը, քանի որ բոլոր այն ընկերությունները, որոնց կառավարությունը թույլ չի տալիս 3 տարի ժամկետով հետաձգել ԱԱՀ գումարների վճարման ժամկետը, այդպիսի թույլտվություն ստացած տնտեսվարողների համեմատ անբարենպաստ վիճակում են հայտնվում: Հարկերը բարեխղճորեն վճարելուց հետո, արտոնություն չստացած տնտեսվարողները հաճախ ստիպված են լինում շրջանառու միջոցները համալրելու համար վարկեր վերցնել, որոնց դիմաց տոկոսների վճարումը լրացուցիչ ծախս է դառնում նրանց համար, այն դեպքում, երբ ՀՀ կառավարության բարեհաճ վերաբերմունքին արժանացածները շրջանառու միջոցների համալրման հետ կապված ավելի քիչ խնդիրներ են ունենում, այդ նպատակով վարկեր կարող են և չներգրավել և այդ վարկերի սպասարկման գծով ավելի քիչ ծախսեր կատարել: Արտոնություն տալով՝ կառավարությունն ազդում է արդյունքի ստեղծման ամբողջ շղթայի վրա:

(2) նվազեցնում են տվյալ տարվա հարկային եկամուտները և հասկանալի չէ, թե արդյոք այդ ընկերությունները տարիներ անց վճարու՞մ են հետաձգված գումարը, թե՞ ոչ:

(3) ՀՀ կառավարությանը ստիպում են չստացած եկամուտների փոխարեն միջոցներ ներգրավել պարտք թողարկելով, որի սպասարկումն իր հերթին հետագա տարիներին լրացուցիչ ծախս է դառնում պետական բյուջեի համար:

2019թ. հունվարին ՀՀ կառավարությանն առաջարկել էի հանրությանը

  1. Հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե արդյոք 2009թ.-ից ի վեր ԱԱՀ վճարումը 3 տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն ստացած ընկերությունները հետագայում ժամանակին և ամբողջ ծավալով կատարե՞լ են իրենց պարտավորությունները:
  2. Ներկայացնել ՀՀ տարբեր կառավարությունների կողմից նախկինում տրված հարկային արտոնությունների տնտեսական արդյունքի վերաբերյալ վերլուծություն: Ի՞նչ չափով են դրանք նպաստել տնտեսական աճին: Ինչքա՞ն է արդյունավետ հարկեր սահմանելու և հետագայում տնտեսվարողների մի փոքր խմբի հարկերի վճարումը հետաձգելու թույլտվություն տալու ՀՀ կառավարության քաղաքականությունը: Արդյոք այդ ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվու՞մ է այնպիսի հավելյալ արժեք, որը թույլ է տալիս առանց մնացած հարկատուներին ծանրաբեռնելու սպասարկել այդ հետաձգված հարկերի պատճառով կուտակված պարտքը:
  3. Տեղեկատվություն ներկայացնել, թե ինչպես է ՀՀ կառավարությունն ընտրում այն ընկերությունները, որոնց թույլ է տալիս 3 տարի ժամկետով հետաձգել ԱԱՀ վճարումը և հրապարակել այն ընկերությունների ցանկը, որոնց այդպիսի խնդրանքը մերժել է:
  4. Արտոնությունների վերաբերյալ որոշումների նախագծերը e-draft.am կայքի միջոցով ներկայացնել հանրային կարծիքի:
  5. Դիտարկել սահմանին ԱԱՀ-ի գանձման պրակտիկայից հրաժարվելու հնարավորությունը:

Ի լրումն վերը նշվածների, անհրաժեշտ է հստակեցնել նաև, թե արդյոք այն պաշտոնյաները, ովքեր գնահատում են ՀՀ կառավարության դատին ներկայացվող ներդրումային ծրագրերը, ունե՞ն դրա համար անհրաժեշտ հմտություններ:

2019թ. մայիսի 17-ին ՀՀ կառավարությունում քննարկվել էին գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին վերաբերվող հարցեր : ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում առկա մամլո հաղորդագրության մեջ բերված են ներդրումային ծրագրերի քանակի, ծավալի և աշխատատեղերի թվի վերաբերյալ տվյալներ: Բաց են մնում վերը նշված հարցերի պատասխանները, այն է, չի ասվում, թե արդյոք ԱԱՀ վճարումը հետաձգելու թույլտվություն ստացած ընկերությունները հետագայում ժամանակին և ամբողջ ծավալով կատարե՞լ են հետաձգված պարտավորությունները, թե արդյոք ՀՀ պետական մարմինների աշխատակիցներն ունե՞ն ներդրումային ծրագրեր գնահատելու համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ (բանկերը փնտրում են այդպիսի մասնագետներ), չի ներկայացվել ՀՀ տնտեսության վրա կառավարության տված այս արտոնության ազդեցության վերլուծություն (արդյոք ԱԱՀ վճարման հետաձգումը դրական ազդեցությում ունենու՞մ է ՀՀ տնտեսության վրա), չի ներկայացվել տեղեկատվություն ԱԱՀ վճարման հետաձգման թույլտվություն ստացող ընկերությունների ընտրության վերաբերյալ (և արդյոք կա՞ն ընկերություններ, որոնց հայտը մերժվում է), ԱԱՀ վճարման հետաձգման թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների նախագծերը հասու չեն www.e-draft.am կայքում (այդ նախագծերի մասին հանրությունը տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ներառվել են ՀՀ կառավարության նիստի օրակարագում): Միայն վարչապետին զեկուցելը բավարար չէ: Բաց, թափանցիկ, հաշվետու և պատասխանատու գործունեության պահանջներին բավարարելու համար անհրաժեշտ է հաշվետություն ներկայացնել հանրությանը:

Եթե ԱԱՀ-ն խոչընդոտ է ներդրումների համար, ինչու չդիտարկել այդ հարկատեսակից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը, ինչն առաջարկել էի Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հանրային քննարկումների ժամանակ (https://www.e-draft.am/projects/1358/digest), որը ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել էր, քանի որ այն «ենթադրում է համակարգային փոփոխությունների իրականացում»: Փաստորեն, համակարգային փոփոխությունները դեռ առջևում են:

Ստորև ներկայացնում ենք  Փաշինյանի կառավարության կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին 2018-2019թթ. ընդունած որոշումների ցանկը:

Արտակ Քյուրումյան